ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում, Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը, հաղորդում է 168.am-ը:
Կայքը գրում է. «Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:
Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար:
Մյուս կողմից, ռազմական գործից հեռու նախարարի առկայության դեպքում սա, ըստ էության, բնական է և ամենևին էլ զարմանալի չէ:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Պաշտպանության նախարարը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրել է Համլետ Բատիկյանին՝ ազատելով փորձառու Արթուր Սարգսյանին:
Բատիկյանը ևս համարվում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Նա աշխատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գերատեսչության գլխավոր քարտուղար:
Ավելի ուշ ՊՆ-ից արձագանքեցին, թե ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հավելենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում»:
Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Այս նշանակումները, և ոչ միայն, փաստում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն խառնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի «գործառույթներից», ըստ էության, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի էլ «հրաժարվել»՝ մասնակցություն և ազդեցություն ունենալով ՏԻՄ ընտրություններում:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ օգնական Մանե Մարկոսյանը եղել է Սուրեն Պապիկյանի աշակերտուհին:
Նշենք, որ Պապիկյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել «Քվանտ» վարժարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը